Խոսքս ուղղում եմ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ «պայքարը» կարևորող պաշտոնավոր ու անպաշտոն «երևելիներին»
Հարգելի պարոններ, Ձեր դատին եմ հանձնում «Կոռուպցիան դատաիրավական համակարգում և տնտեսական հեղափոխության հեռանկարները Հայաստանում» գիտահանրամատչելի հոդվածների ժողովածուն, որը մեր հանրությանն է ներկայացվել 27-09-2019; 11-02-2020; 13-03-2020; 17-03-2020; 07-04-2020 և 10-04-2020 հրապարակումների տեսքով: Այն, որպես հանրամատչելի ուսումնամեթոդական ձեռնարկ, կարող է օգտակար լինել հայկական կոռուպցիայի առանձնահատկությունները ուսումնասիրող մասնագետների կրթական մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև հերթական հակակոռուպցիոն ծրագրեր մշակող փարձագետների, կուսակցական ու քաղաքական գործիչների համար: Փաստերի հիման վրա կազմված այս ուղեցույցը, մասնավորապես, տալիս է մի կարևոր հարցի պատասխան, թե ինչպես է պետք արդյունավետ ձևով իրականացնել Հայաստանի դատաիրավական համակարգում աշխատող 250 դատավորների վեյթինգը՝ զերծ մնալով դատարանների վրա բռնի ուժ կիրառելու արատավոր պրակտիկայից: Համակարգչային ծրագրավորման միջոցով, օգտագործելով իմ կողմից բացահայտված կոռուպցիոն սխեմաներից մեկի մեջ օգտագործված տվյալները (փորձագիտական կեղծ եզրակացություններ և դրանց հիման վրա կայացրած դատական վիճահարույց վճիռներ, պատվիրված աուդիտային հաշվետվություններ, գործարանների ու ֆաբրիկաների սնանկացման վերաբերյալ դատական որոշումներ և այլն) հնարավոր է իրականացնել այդ վեյթինգ կոչվածը՝ մերկացնելով ու ջրի երես դուրս բերելով կոռումպացված դատավորներին ու իրավապահ կառույցների մյուս կաշառակերներին՝ նրանց տեսակավորելով ու դասակարգելով ըստ իրենց կատարած ծառայողական հանցանքների ու մասնագիտական պիտանիության աստիճանի: Կոռուպցիայի դեմ մղվող անզիջում պայքարը կենսական նշանակություն ունի հայոց պետականության պահպանման և հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը ապահովելու տեսակետից, որովհետև կաշառակերության ու կոռուպցիայի ներկայիս տարածվածության և բարձր մակարդակի պայմաններում հնարավոր չէ պատշաճ ձևով կազմակերպել տնտեսության զարգացումը, բարելավել մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը, երկրի արդյունաբերությունը շարունակելու է դոփել տեղում, ավելանալու է արտագաղթը և, որպես այդ ամենի անխուսափելի հետևանք, երկիրը շարունակելու է կորցնել ինքնապաշտպանական պոտենցիալը, նահանջ է ապրելու և տակավին պատրաստ չի լինելու դիմակայելու ժամանակի մարտահրավերներին ու, առաջին հերթին, սպասվելիք հայ-թուրքաադրբեջանական պատերազմին:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ մթնոլորտ է ձևավորվելու հետկորոնավիրուսային աշխարհում և Հայաստանում, ինչպես ենք կարողանալու բարելավել մեր տնտեսական վիճակն ու պաշտպանական պոտենցիալը, եթե մեզ օր առաջ չհաջողվի հաղթահարել ներկայիս համակարգային կոռուպցիան, որի ավանգարդում մշտապես հանդես է եկել ու շարունակում է իր դիրքերը պահել Հայաստանի դատաիրավական համակարգը՝ համակարգային կոռուպցիայի գլխավոր շարժիչ ուժը: Հետկորոնավիրուսային ժամանակներում մեզ առավել դժվարին օրեր են սպասում, որովհետև աշխարհի ուժային կենտրոնները (ԱՄՆ, Չինաստան, Եվրոպա, Ռուսաստան) իրենց ռազմական ու տնտեսական պոտենցիալը հիմնականում ծառայեցնելու են սեփական երկրների անվտանգության ու կենսունակության ապահովմանը՝ ժամանակավորապես կամ ընդմիշտ մոռանալով Հայաստանի նման երկրների կենսական շահերի, խնդիրների, անգամ ֆիզիկական գոյության մասին՝ մի կողմ թողնելով աշխարհի տարբեր մասերում հայտարարված աշխարհաքաղաքական հետաքրքրությունները: Մեր երկրին սպասում է երկու, տրամագծորեն հակառակ սցենար՝ լավ և շատ վատ.
ա) աշխարհի ուժային կենտրոնների ուղղակի առճակատման ու աշխարհաքաղաքական իրադրության կտրուկ փոփոխության պայմաններում Հայաստանը կարող է մեն-մենակ մնալ ռազմական ու տնտեսական հզորությամբ ներկայումս մեզ գերազանցող հարևանների ռազմական մեքենայի դեմ՝ հայ ազգի գլխին բերելով երկրորդ «1915» թիվը, ինչպես դա տեղի ունեցավ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (թուրքերը դրան էլ սպասում են)։
բ) Թուրքիայի ներգրավմամբ աշխարհի ուժային կենտրոնների ուղղակի առճակատման ու աշխարհաքաղաքական իրադրության կտրուկ փոփոխության պայմաններում հնարավորություն ստանալ լուծելու Հայ դատի խնդիրները, որի համար կա մեկ կարևոր պայման. պետք է կարողանալ, առանց ժամանակ կորցնելու, տնտեսապես ու ռազմական տեսակետից հզորանալ՝ առնվազն հասնելով Իսրայելի ներկայիս մակարդակին: Հիշեցնեմ, որ Իսրայելին հաջողվեց կարճ ժամանակահատվածում, մոտավորապես Արցախի ներկայիս տարածքներում հզոր երկիր կառուցել և այնպիսի միասնական հասարակություն ձևավորել, որ հաջողությամբ կարողացավ դիմակայել 400-միլիոնանոց արաբների և հարյուրմիլիոնանոց Իրանի ճնշմանը՝ երկրի տնտեսական զարգացման դինամիկան մշտապես ապահովելով երկնիշ թվերով: Մեզ մոտ նման արդյունքների հասնելու համար պետք է հրաժարվել համակարգային կոռուպցիայի բոլոր դրսևորումներից և, առաջին հերթին, դրան հասնել հատկապես դատաիրավական համակարգում, սա քաղաքական խնդիր է, սա հայ ազգի գոյատևման խնդիրն է: Հայտնի բան է՝ դատաիրավական համակարգերը ստեղծվում են կոռուպցիայի նման երևույթների դեմ անզիջում պայքար մղելու համար, բոլոր երկրներում այդ պայքարի արդյունավետությունը հավասարվում է զրոյի, եթե ինքը՝ դատաիրավական համակարգն է թաթախվում կոռուպցիայի մեջ:
Հետաքրքիր է, թե ինչպես, ինչ գործիքակազմով են մեր երկրում պատրաստվում պայքարելու կոռուպցիայի երևույթի դեմ, երևույթ, որի պատճառով մեր ծաղկուն երկիրը պատմական կարճ ժամանակահատվածում հասցրեց կորցնել իր արդյունաբերությունը, գիտական ու տնտեսական պոտենցիալը: Ի՞նչ ելք ունենք, ինչպե՞ս է փաշինյանական կառավարությունը պատրաստվում պայքարելու դատաիրավական համակարգում տեղ գտած կոռուպցիոն երևույթների դեմ:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տարբերակ է առաջարկում՝ մինչև 2021 թիվը 70 տոկոսով բարձրացնել դատավորների աշխատավարձը: Այս նախաձեռնությունը խոսում է երիտասարդ նախարարի բացարձակ դիլետանտ լինելու մասին և հաստատում «Հայրենիք» նորաստեղծ կուսակցության «պրոֆեսիոնալիզմն՝ ընդդեմ դիլետանտության» գաղափարի արդիականությունը, որը, անշուշտ, կդրվի հաջորդ կառավարության կադրային քաղաքականության հիմքում, այլ ելք չունենք: Կարելի է բացատրել, թե ինչու չի աշխատելու երիտասարդ նախարարի առաջարկած հակակոռուպցիոն տարբերակը, եթե այն, առաջին հայացքից, բավականին խելամիտ է թվում: Կաշառակեր դատավորների աշխատավարձերի հերթական բարձրացումը անխուսափելիորեն բերելու է կաշառքի չափերի ավելացմանը՝ ներկայումս հաստատված խաղագումարների համեմատ, այն բարձրացնելով ճիշտ նույն 70 տոկոսով, մի բան էլ ավելի: Սա մի կողմից՝ որպես անխուսափելի հետևանք: Հայկական դատարանների համար գրված օրենքների կողքին գործում են նաև բազմաթիվ չգրված օրենքներ, որոնք սկսում են աշխատել կաշառքի հաստատագրված չափերի պայմաններում: Եթե, օրինակ, հակընդդեմ հայց ընդունելու համար դատավորը ձեզանից պահանջի 1000 ԱՄՆ դոլար, ապա չզարմանաք, դա է դրա հաստատուն չափը, ¥տաքսան¤: 70 տոկոսով ավելի բարձր աշխատավարձերի դեպքում նույն հակընդդեմ հայցի համար դատավորն արդեն պահանջելու է ոչ թե 1000, այլ 1700 կամ, թվերի մոտավոր կլորացման մաթեմատիկական սկզբունքից ելնելով, արդեն 2000 ԱՄՆ դոլար: Այս թվերը կարող են համարվել պաշտոնական-շուկայական: Խոսենք փաստերով՝ մեջբերելով ՀՀ ԱԱԾ տարածած հետևյալ հայտարարությունը. «2016 թվի հոկտեմբերի 28-ին Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում ԱԱԾ-ի կողմից կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Իշխան Բարսեղյանը, ով տարբեր պատճառաբանություններով մոտ երեք ամիս վարույթ չի ընդունել փաստաբանի ներկայացրած հակընդդեմ հայցը, քաղաքացիական գործով կողմի օգտին գործողություն կայացնելու համար անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար»: Նման մի իրադրություն է ստեղծվել մեր ԵԿԴ/3442/02/15 քաղաքացիական գործի դեպքում, երբ դատավոր Ռուբեն Ներսիսյանն ընդունեց հետևյալ կամային որոշումը. «պատասխանող կողմի ներկայացրած հակընդդեմ հայցը չի ընդունվում»:
Բնականաբար իմ հեչեցրած «ինչու՞» հարցից դատավորը սաստիկ զայրացավ, նույնիսկ սպառնաց. «Ես Ձեզ հիմա մինիմալ աշխատավարձի 500-ապատիկի չափով տուգանք կսահմանեմ՝ դատական նիստը խանգարելու համար»:
Այս պատմության մասին ես գրել էի, հիմա փորձենք համեմատել ու հասկանալ, թե ինչ կապ կա հակընդդեմ հայցն ընդունելու համար դատավոր Իշխան Բարսեղյանի 1000 ԱՄՆ դոլարի և դատավոր Ռուբեն Ներսիսյանի 500-ապատիկ տուգանքի միջև (ի միջի այլոց, արդեն 5 տարի է անցել, բայց պատասխանող կողմերիս դեռևս չի բացատրվել, անհայտ ու անհասկանալի է մնացել հակընդդեմ հայցը չընդունելու պատճառը, երբ դատավորը պարտավոր էր դա անել, այն էլ գրավոր ձևով, դա օրենքի պահանջ է): Հաշվենք՝ 500x1000 դրամ (այսպես է գնահատվում մինիմալ աշխատավարձը)=500000 դրամ կամ ԱՄՆ-ի նույն 1000 դոլարը: Եթե տարվենք գռեհիկ մտածողության հովերով, ապա կգանք հետևյալ պարզ եզրահանգմանը. դատավոր Ռուբեն Ներսիսյանի 500000 դրամով տուգանելու սպառնալիքը համապատասխանում է 1000 դոլարով հակընդդեմ հայցն ընդունելու դատավոր Իշխան Բարսեղյանի պահանջին, սա բխում է դատարաններում հաստատված կոռուպցիոն գնային քաղաքականությունից: Ամենայն հավանականությամբ, սրանք վերադասի կողմից իջեցված թվեր են, որոնց համար դատավորները վերջում, «Հանուն Հյաստանի Հանրապետության» կայացրած վճռից հետո, պատասխան են տալու, «մուծվելու» են: Հարց՝ ինչու՞ է դատավոր Իշխան Բարսեղյանը այսօր ձերբակալված իսկ դատավոր Ռուբեն Ներսիսյանը՝ դեռևս ոչ: Պատասխանը մեկն է՝ դատավոր Իշխան Բարսեղյանը գործել է միայնակ՝ առանց իր կաշառակեր թիկունքը պաշտպանելու: Հայաստանի դատաիրավական համակարգում ինքնագործունեության նման դրսևորումները հարգված չեն, չեն խրախուսվում և տեղն ու տեղը խստորեն պատժվում են: Հայկական կաշառակերության ճակատում ևս պետք է որոշակի թափանցիկություն ապահովել, կաշառք տվողի օգտին աշխատել կոլեկտիվով՝ երկու և ավելի դատավորների մասնակցությամբ և պարտականությունների հստակ բաժանումով, դա չգրված օրենք է, որի մասին արդարադատության նախարարը կարող էր նաև տեղյակ չլինել: Կարելի է միայն ենթադրել, որ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու միջոցով նախարարը փորձում է հաշտություն մուրալ ու համագործակցության եզրեր փնտրել դատաիրավական համակարգի կոռումպացված հատվածի հետ: Ինչ ասեմ, հաջողություն մաղթենք Ռուստամ Բադասյանին և հույս հայտնենք, որ նա ևս ցանկալի անձ կդառնա Հայաստանի կոռումպացված դատաիրավական համակարգի համար:
Երկրորդ՝ արդարադատության նախարարը և վարչապետը բացահայտ ձևով ընդունում են դատարաններում գոյություն ունեցող իրական (կիրառական) կոռուպցիայի փաստը, հաստատում են դրա մասշտաբային բնույթը՝ հայ հասարակությանը ի ցույց դնելով ներկայիս կառավարության բացարձակ անճարակությունը նաև այս հարցում: Դատավորների աշխատավարձերը բարձրացնելու միջոցով հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ, հաղթահարել անհաղթահարելի խոչընդոտը, ինչն այսօր դրված է մեր պոտենցիալ ներդրողների ու գործարարների առաջ: Սպիտակի վերելակների գործարանի տնօրեն, իմ մանկության ընկեր Վալերի Պողոսյանը մի անգամ սրտնեղեց, թե՝ ունեցած-չունեցածս տվեցի Վանաձորի դատավորին, որ գործարանի սնանկացման որոշումը կայացնի, շատ «թանկաբազար» են, հույս էլ չունեմ, թե գործարանի գույքի վաճառքից հետո իմ դրած փողերը հետ կստանամ:
Մեր «թանկաբազար» կաշառակեր դատավորներն իրենց վճռական ավանդն են ունեցել Հայաստանի գործարանների ու ֆաբրիկաների աննախադեպ թալանի գործում՝ Հայաստանի Հանրապետության անունից սնանկացման որոշումներ կայացնելով ու իրավական հիմքեր ստեղծելով Հայաստանի տեխնիկատնտեսական պոտենցիալի բարբարոսական ոչնչացման համար: Արդյունքում մեր գործարաններն այնպիսի նահանջ են ապրել, որ տեխնիկական ու տեխնոլոգիական մակարդակով հասել են 1970-ի թվերին, և դեռևս հայտնի չէ, թե մեր հաջորդ իշխանություններն ինչպես են երկիրը դուրս բերելու ստեղծված իրավիճակից, ինչպես են գործարանների ու ֆաբրիկաների տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մակարդակը համապատասխանեցնելու 21-րդ դարի պահանջներին: Տեղի ունեցածը, հաշվի առնելով պետությանը պատճառած վնասների բազմապատիկությունը, գերազանցում է հայրենիքի դավաճանների կողմից պետության անվտանգությանը պատճառած վնասները: Կաշառակեր դատավորների արածը կարելի է բնութագրել որպես դավաճանական գործողություններ, ազգային դավաճանություն, որի համար պետք է պատժվեն պետական դավաճանների համար նախատեսված քրեական հոդվածներով, դրանց ողջ խստությամբ: Ազգի դավաճան դատավորների աշխատավարձերի հերթական բարձրացումը ուղղակի ծիծաղելի է, և դժվար է հասկանալ, թե հակակոռուպցիոն պայքարի ելած իշխանավորներն իրենց մարմնի որ մասերով են մտածում: Հայաստանի հաջորդ իշխանությունները ստիպված են լինելու խստություններ կիրառել կաշառակեր դատավորների ու դատաիրավական համակարգի մյուս կաշառակեր սուբեկտների նկատմամբ: Առանձնակի պատրանքներ չունեմ, թե Փաշինյանից հետո երկիրը կսկսի ճիշտ կառավարվել, մարդիկ կսկսեն լավ աշխատել ու միայն լավ բաներ անել և, որպես հետևանք, մեր տնտեսությունը ինքնաբերաբար դուրս կգա ճգնաժամից։ Առանց համակարգային հիմնարար փոփոխությունների դա իրագործելի չէ: Երկրի ներքին ու արտաքին քաղաքանության մեջ պետք է շրջադարձային փոփոխություններ կատարվեն այնպես, որ այնուհետ ամեն ինչ արվի ելնելով միայն պետության շահերից ու պետականաշինության դիրքերից, այլապես դարձյալ շարունակելու ենք դոփել տեղում ու նահանջ ապրել: Պետք է ընդունել, որ Հայաստանում հաստատված համակարգային կոռուպցիան ժառանգվել է ԽՍՀՄ-ից, որն ավելի տարածվեց ու ընդարձակվեց Գորբաչովի «перестройка»-ի հակապետական, հակազգային գաղափարախոսության ու խաբեական պոստուլատների ազդեցության տակ, սա դավաճանական հարված էր խորհրդային հասարակությանը, երկրում ձևավորված արժեհամակարգին, մեր խորհրդային մտածողությանը, ձևավորված արտադրատնտեսական հարաբերություններին: Երկրի ներքին կյանքում տեղի ունեցածը դավաճանության հետ համեմատելու մեջ նորություն չկա, դավաճաններին պետք է ճանաչել ու նրանց դեմ պայքարելու խստագույն միջոցներ կիրառել: Այդպես վարվեցին ճապոնացիները, երբ երկրորդ համաշխարհային պատերազմում պարտվելուց հետո տնտեսական կոլապսից դուրս գալու ելքեր էին փնտրում: Ճապոնացիները մշակեցին երկրի քայքայված տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու իրենց ռազմավարությունը, որի հիմքում դրված էր պետական մակարդակով ճապոնական արտադրության ապրանքների արտահանման խթանումը, ճապոնական արդյունաբերությունը պետք է աշխատեր միջազգային շուկաների համար՝ դրանք լցնելով միայն ու միայն բարձրորակ արտադրանքով, այդ սկզբունքին դեմ գնացողները, անորակ արտադրանք արտահանողները որակվեցին որպես ազգի դավաճաններ՝ հաշվի առնելով պետության շահերին պատճառած նյութական ու բարոյական վնասների չափը: Քրեական օրենսգրքում ոչ բարդ փոփոխություն կատարվեց. այսուհետ Ճապոնիայից անորակ արտադրանք արտահանողների գործողությունները համարվելու են պետական դավաճանություն և պատժվելու են պետական դավաճանության համար նախատեսված ծանր հոդվածներով: Արդյունքում հետպատերազմյան Ճապոնիան տնտեսական ու սոցիալական բացառիկ արդյունքներ ցույց տվեց, ինչը հետագայում թաքուն երազանք դարձավ աշխարհի ցանկացած պետության, նաև մեզ համար, և այդ արդյունքին նրանք հասան ընդամենը քրեական մեկ հոդված փոխելով ու անկաշառ արդարադատություն իրականացնելով երկրի ճակատագրի հետ խաղացող մարդկանց նկատմամբ: Այդօրինակ օրենսդրական, նաև սահմանադրական փոփոխությունները պահանջված են նաև Հայաստանի պարագայում՝ հայրենիքի դավաճանների նկատմամբ նախատեսված հոդվածները տարածելով ոչ միայն անորակ արտադրանք արտահանողների, այլև կոռումպացված չինովնիկների և, առաջին հերթին, դատաիրավական համակարգի կաշառակերների վրա: Հիմա վերհիշենք, թե Ստալինի տարիներին ինչու չէր խոսվում կոռուպցիայի մասին, ինչու էր կաշառակերության ոլորտը այդքան թերզարգացած: Ստալինի ու Բերիայի ժամանակ պետական քաղաքականության հիմքում դրված էր «բլիթի ու մտրակի» հայտնի մեթոդը՝ օրիգինալ տարբերակով և այլ մեկնաբանությամբ, երբ «բլիթի» փոխարեն միայն «մտրակն» էր օգտագործվում: «Մտրակը» չստանալու, Բերիայի «ատամների» տակ չմնալու անորոշ հեռանկարը մարդկանց համար հազար «բլիթի» արժեք ուներ, դա աշխատում էր, գերազանց էր աշխատում, որովհետև բոլորը Բերիայի «մտրակից» էին վախենում, սարսափների մեջ էին ապրում, «բլիթի» մասին երազող անգամ չկար:
Մինչև 2021 թիվը դատավորների աշխատավարձերը բարձրացնելու արդարադատության նախարարի արած առաջարկը, որը ներկայացվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ցույց է տալիս, որ տակավին երիտասարդ նախարարը լավ չի պատկերացնում, թե ինչ է կոռուպցիան և ինչպես է պետք պայքարել այդ վտանգավոր երևույթի դեմ: Կաշառակեր դատավորը աչքի առաջ պետք է ունենա պատժի անխուսափելության մասին իր հստակ պատկերացումները և մյուս, շարքային կաշառակերների նկատմամբ առնվազն 70 տոկոսով ավելի պատիժ ստանալու հեռանկարը: Նշեմ միանգամից. այսպիսի կոռումպացված դատաիրավական համակարգ ունեցող երկրում հնարավոր չէ տնտեսական նկատելի տեղաշարժեր ակնկալել, ուր է թե տնտեսական հեղափոխություններ իրականացնել: Տանը նստած ես կարողացա բացահայտել դատաիրավական համակարգում գործող կոռուպցիոն մի հետաքրքիր սխեմա, որը շարունակում է աշխատել նաև մեր օրերում: Իմ կողմից ևս մեկ հետաքրքիր դիտարկում. Հայաստանի դատական համակարգում գործող աստիճանական ատյանների կոռուպցիոն համագործակցությունից բացի (ուղղահայաց կոռուպցիա), մեր դատաիրավական համակարգին հատուկ է կոռուպցիոն համագործակցության փաստը նաև ներքին օղակներում՝ երկու և ավելի դատավորների մասնակցությամբ (հորիզոնական կոռուպցիա): Օրինակ, դատավորներից մեկը կարող է իր վրա վերցնել սուտ ցուցմունքներ կամ կեղծ եզրակացություններ «կազմակերպելու» գործը, իսկ մյուսը գործը առաջ տանի՝ կաշառք տվողի համար ապահովելով պահանջված դատավճիռը՝ իհարկե, դարձյալ ու դարձյալ Հայաստանի Հանրապետության անունից և «Հանուն Հայաստանի Հանրապետության»: Մեծ հարց է, թե ինչով են զբաղված մեր հակակոռուպցիոն մարմինները. պայքարում են կոռուպցիայի դե՞մ, թե՞, ընդհակառակը, մտածում են այդ շահավետ «բիզնեսը» ընդարձակելու մասին՝ ընդգրկելով մեր կյանքի բոլոր բնագավառները:
Տեսական հոգեբանության մեջ մի աքսիոմատիկ դրույթ կա. «վատ վարքի խրախուսումը բերում է դրա ամրապնդմանը», «վատ վարքի համար պատիժը բերում է դրա մարմանը»: «Մտրակի ու բլիթի», ռուսերենով՝ «Пряника и кнута», գերմանական օրիգինալով «Peitsche und Zuckerbrot» կամ «կոշտ ուժի» քաղաքականությունը դարերով կիրառվել է կյանքի բոլոր բնագավառներում. ընտանիքում՝ երեխաների դաստիարակության մեջ, մանկապարտեզներում ու դպրոցներում, արտադրությունում, բանակում, պետական քաղաքականության մեջ և ամենուր, այդ մեթոդի վրա է հիմնված շների ու կենդանական այլ տեսակների վարժեցման (дрессировка) պրակտիկան, գայլերի մոտ «մտրակի ու բլիթի» մեթոդը չի աշխատում, չի ստացվում, գայլերը վարժեցման ենթակա չեն, որովհետև գայլերը, ի տարբերություն աղվեսների, վագրերի կամ առյուծների, մեր դատավորների նման անկուշտ են, մի փոր կերով (բարձր ու 70 տոկոսով ավելի բարձր աշխատավարձերով) չեն բավարարվում, անիմաստ տեղը կարող են մի ամբողջ հոտ ոչնչացնել՝ առանց իրենց հաշիվ տալու, որ հաջորդ օրն իսկ սոված են մնալու, իրենց համար ոչխար չի լինելու, որովհետև իրենք անուղղելի գիշատիչներ են:
Հայտնի բան է՝ կաշառակերները միշտ անկուշտ ու անհագ են լինում, նրանց դեմ կարելի է պայքարել բացառապես «մտրակի» զորությամբ: Ինչու՞ է ՀՀ արդարադատության նախարարը դիմում բացառապես «բլիթի» քաղաքականությանը՝ մի կողմ թողնելով «մտրակը»: Սա կաշառակեր դատավորներին պետական մակարդակով կաշառելու ու նրանց հետագա հանցավոր գործունեությունը խրախուսելու քաղաքականություն է, որը հասկանալու համար պետք է իմանալ, թե անկախություն ստանալուց հետո որն է եղել դատական համակարգի առաքելությունը, դրա գոյության բուն նպատակը: Եկել է ներկայիս ՀՀ կառավարությունը փոխելու և անցումային հակաճգնաժամային կառավարություն ձևավորելու պահը, այսպես շարունակել չի կարելի, պետք է կատարել համակարգային փոփոխություններ, ունենալ երկրի զարգացմանը միտված նոր սահմանադրություն, իշխանական օղակները համալրել նոր մարդկանցով՝ հիմնականում տեխնոկրատներով, արգելելով ու արգելափակելով նախկինների վերադարձը, այս հարցում ես համամիտ եմ Արթուր Վանեցյանի հետ, ՀՀ ներկայիս կառավարության առաջնորդությամբ, ԱԺ-ի այս կազմով ու Արմեն Սարգսյան նախագահով մենք առաջ գնալ չենք կարող, տուժելու ենք ազգովին, տուժելու ենք ես և դու, տուժելու է մեր երեխաների ապագան, այսպիսով մենք մեր իսկ ձեռքով կտապալենք այդքան երազած մեր անկախությունը:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Հ. Գ. 1. Համակարգային կոռուպցիայի դեմ պայքարելու համար պետք է մտածել ոչ թե դատավորների, այլ գիտնականների, գյուտարարների, ինժեներների ու պրոֆեսիոնալ բանվորների աշխատանքի խրախուսման և աշխատավարձերի (ամսական եկամուտների) բարձրացման մասին: Այստեղ ամեն ինչ բացատրելի է, պարադոքս չկա, սրա հիմնավորումը առավել քան ակնհայտ է: Կոռուպցիայի դեմ պայքարելու ձևերից մեկը մարդկանց սոցիալական վիճակի բարելավումն է, մարդիկ պետք է ունենան բարձր վարձատրվող աշխատանք ու եկամուտներ, որպեսզի կարողանան պատշաճ ձևով ու բարձր մակարդակով լուծել իրենց սոցիալ-կենցաղային խնդիրները՝ առանց կաշառակեր մարդկանց կերակրելու: Ստալինի ժամանակ հակառակ պատկերն էր տիրում, դատավորների աշխատավարձերը գիտնականների համեմատ երկու անգամ պակաս էին: Գիտնականներին ու գյուտարարներին բազմաթիվ արտոնություններ էին տրված: Օրինակ, բնակարանների սղության պայմաններում գիտության թեկնածուներին, դոկտորներին ու գյուտարարներին տրամադրվում էր մեկ լրացուցիչ սենյակ՝ աշխատասենյակի համար: Մեր օրերում դատավորների աշխատավարձը գիտնականներից արդեն մեկ կարգով ավելին է: ՀՀ արդարադատության մեր պատանի նախարարի մոտ, առաջին հերթին, խոսում է կյանքի փորձի բացակայությունը, երբ նա կարծում է, թե համակարգային կոռուցիայի դեմ պայքարում կարելի է օգտագործել միայն «բլիթի» գործոնը: Այդպիսի մոտեցման պայմաններում է ձևավորում անհեռանկար ներքին քաղաքականությունը. ոչ՝ գիտությանը, կոռուպցիային՝ այո:
Հ. Գ. 2. Թեման կարող ենք ավարտել ՀՀ ներկայիս կառավարության դիլետանտ լինելու փաստով: Մի քանի օր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամից այսպիսի գրություն ստացա.
«Հարգելի պարոն Համազասպյան, Ի պատասխան Ձեր նամակի ցանկանում ենք տեղեկացնել, որ մենք ուսումնասիրել ենք Ձեր նամակ-դիմումը և գտնում ենք, որ այն շատ կարևոր առաջարկներ և մոտեցումներ է պարունակում։ Միևնույն ժամանակ, ցանկանում էինք տեղեկացնել, որ հաշվի առնելով երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը առնվազն մինչև սույն թվականի նոյեմբեր ամիսը մեր բոլոր ծրագրերը և ֆինանսավորումը բացառապես ուղղված են լինելու առողջապահական ոլորտին։ Մենք կփոխանցենք Ձեր ծրագիրը մեր մասնագետներին, և երբ նորից ստեղծվի արևային էներգիայի ծրագրերի վերսկսման հնարավորություն, մենք կվերանայենք Ձեր առաջարկը և հնարավորության դեպքում կկազմակերպենք նաև հանդիպում քննարկում, ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամից ստացած այս նամակին ես կարող եմ հակադարձել հակավիրուսային երկու հետաքրքիր գաղափարով, որոնք ավելի են իմաստավորում հելիոֆիկացիայի ծրագիրը առաջինը Հայաստանում և Արցախում իրականացնելու գաղափարը: Մեր մշակած արևային տեխնիկայի միջոցով մենք կարող ենք.
1. Վարակազերծել փակ տարածքները, բնակարաններում, հիվանդասենյակներում, դասասենյակներում և այլուր բակտերոցիդ միջավայր ստեղծել՝ քլորաջրային ախտահանման, և մասնակիորեն, ուլտրամանուշակագույն լուսավորման և օզոնատորների փոխարեն օգտագործելով օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը 70-150 աստիճանի սահմաններում, կորոնավիրուսը սատկում է 60 աստիճանում, գրիպային և մյուս տիպի վիրուսները ևս:
2. Հայկական արևային տեխնոլոգիաներով վերամշակված գյուղմթերքների մեջ (թթի դոշաբ, խաղողի դոշաբ, տոմատի մածուկ և հյութ, ծիրանի հյութ, սուջուխ և այլն) տեղի է ունենում D և այլ տեսակի վիտամինների գեներացիա, ինչը համարվում է կորոնավիրուսի դեմ պայքարի ու մարդու անվարակելիությունը (իմունիտետ), վարակի անընկալունությունը ապահովող հիմնական միջոցներից մեկը:
Հիմա պատկերացնենք, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր իրավասու են այս ու այն կողմ ուղղելու պետության ու հիմնադրամների ֆինանսական միջոցները, Աստծո կամքով ոչ թե դիլետանտներ լինեին, այլ պրոֆեսիոնալներ: Պրոֆեսիոնալները, առանց ժամանակ կորցնելու, կկառչեին այս հետաքրքիր գաղափարներից, կյանքի կկոչեին դրանք ու միջազգային հակակորոնավիրուսյան հանրությանը ասելու բան կունենայինք՝ մեր ու Արցախի գործարարների համար հաստատուն տեղն ապահովելով համաշխարհային շուկայի առողջ սննդի սեկտորում: Ի վերջո, մեզ հարիր չէ աշխարհի կարևոր գործերում պարազիտի կեցվածք ընդունել ու սպասել, թե որ երկրում կորոնավիրուսային ինչ հաջողություն կհաստատվի, որից մենք օգտվենք, մի բան էլ մենք պետք է առաջարկենք, որ մեզնից էլ մարդիկ օգտվեն: Արևային տեխնոլոգիաների բնագավառում մենք ունենք ժամանակային զգալի առավելություն և կարող ենք դա արդյունավետ ձևով օգտագործել՝ կարևոր շուկաներում մոնոպոլ դիրքեր գրավելու և երկրի տնտեսությունը առաջ տանելու համար, բայց...
Բայց դրա համար պետք է ունենալ խելքը գլխին իշխանություն ու կոռուպցիայից զերծ հասարակություն, արդյո՞ք դա հնարավոր է: Դա հնարավոր կլինի, եթե Հայաստանի դատաիրավական համակարգը զբաղվի ոչ թե կաշառակերությամբ, այլ կաշառակերությունը արմատախիլ անելու գործով, դառնա վտանգավոր երևույթը արմատախիլ անող հիմնական գործոնն ու գործիքը: Ո՞րն է դիլետանտի և պրոֆեսիոնալի տարբերությունը: Պրոֆեսիոնալը միշտ ելք է փնտրում ու գտնում, դիլետանտը բավարարվում է իր նեղ մտահորիզոնով և մշտապես դեմ է գնում նոր գաղափարներին, որոնք իր պատկերացումներում չկան: Իր դիրքը պահելու համար դիլիտանտը պարտադրված է պայքարելու պրոֆեսիոնալների առաջ քաշած գաղափարների դեմ, որպեսզի հասարակությանը ի ցույց չդնի իր մտավոր սնանկությունը՝ արդարացնելով իշխանական պաշտոնակարգության մեջ իր գրաված դիրքը: Սա շատ վտանգավոր երևույթ է: Դատեցեք ինքներդ, շատ կարճ ժամանակում, առանց պետական կամ հիմնադրամային փողերի ներգրավման, ինձ հաջողվեց մշակել վիրուսների նկատմամբ մարդկանց իմունիտետը բարձրացնող մի սննդատեսակ, որի արտադրությունը կարելի է հաջողությամբ իրագործելՀայաստանում և Արցախում: Խոսքը «Իմունիտետ» անունը կրող արևային քաղցրավենիքի մասին է, որը պատրաստվում է իմ մշակած արևային տեխոլոգիայով՝ «D» և այլ տեսակի վիտամիններով հարստացված հիանալի մի սննդատեսակ, որով մենք կարող ենք ներկայանալ կորոնավիրուսից վախեցած միջազգային հանրությանը և հսկայական եկամուտներ ունենալ, բայց դրան հասնելու համար պետք է համապատասխան արտադրություններ կազմակերպել, պահանջվող ներդրումներ կատարել (ինչը ինձ նման մասնագետների պարագայում անհնար է, որովհետև մեր գիտնականները այսօր հայտնվել են աղքատության եզրին, իսկ Փաշինյանի այն մոտեցումը, թե բիզնեսում դուք մեկ միլիոն դոլարը դրեք, որին մենք կավելացնենք ևս երկուսը, խոսում է այն մասին, որ կուշտը սովածին միշտ մանր է բրդում, սա խոսում է նաև կառավարության դիլետանտության հերթական դրևորման մասին):